 |
АрмКон. Первый литературный конкурс в жанре Фантk
|
| View previous topic :: View next topic |
| Author |
Message |
Morannon ЗаконниK

Joined: 14 Nov 2008 Posts: 155
|
Posted: Tue Dec 16, 2008 8:33 pm Post subject: Valoo- Perpetum Mobile |
|
|
Perpetum Mobile
Ողջույներս, ես Անին եմ: Ներկա պահին սովորում եմ Բրյուսովի անվան պետական համալսարանի երրորդ կուրսում: Ուզում եմ պատմել վերջերս ինձ հետ կատարված մի պատմություն, որը, համոզված եմ, չեք կարող պատկերացնել ինչքա՜ն տարօրինակ էր: Նույնիսկ Անուշը՝ իմ լավագույն ընկերուհին, ինձ հետ համաձայնեց: (Ես իրեն անմիջապես զանգեցի: Պետք էր չ՞է պատմել, իմ թազա շորիկի մասին, թե չէ հաստատ նեղանալու էր ու ընկերության մեջ շուխուռ քցեր, թե Անին էգոիստի մեկնա):
Ուրեմն այսպես՝ առավոտ էր, ժամը մոտավորապես երկուսը: Ես նոր էի հասել համալսարան, երբ հանդիպեցի կուրսի աղջիկներին: Պարզվեց, որ քաղաքում մի նոր խանութ ա բացվել: Քանի-որ բոլորս հոգեբանություն լավ գիտենք (ցանկացած կին տեղով-շառով հոգեբան ա, թե չէ ո՞նց կկարողանա դիմանալ այդ ահավոր անտաշ կերպարներին՝ տղամարդկանց) որոշեցինք չնստել այդ տաղտկալի դասին: Հատկապես, որ դասախոս էլ բջջայինով չի թղնում odnoklassnik անենք, էլ ուր մնաց իրար հետ քննարկենք են կողքի կուրսի ախմախ աղջիկներին (Գիտեք, դրանք ընդհանրապես մոդայից խաբար չեն: Տեսնես ո՞վ է դրանց աղջիկ ասել): Մի խոսքով դասի չնստեցինք և գնացինք խանութներով: Ես ինձ մի հոյակապ կանաչ բաճկոն առա, որի օձիգին կարված էր արտակարգ մորթի (ինձ ասեցին, որ դա բնական կանաչ պեսեց է): Ռուզոն ասեց, որ բաճկոնը ընտիր սազում է իմ դեղին ճտքավոր կոշիկներին, որոնք իրենց հերթին արտակարգ ընդգծում են ոտքերս: Ոտքերի գեղեցկության մասին իմ հինգ ընկերուհիներից և ոչ մեկը կասկածներ չարտահայտեց (դե էլի որ, ծանոթ բոլոր տղաներն իմ ոտքերից ապշած են քայլում և ընկերուհիներիս ոտքերի վրա հեչ էլ չեն նայում):
Մի խոսքով նոր բաճկոնը հագիս շարժվեցի Կարենենց տուն: Պետք է ասել, որ Կարենը գրեթե իմ նշանածն է: Դուք չեք պատկերացնում ինչքա՜ն ամաչկոտ են քսանմեկերորդ դարի տղաները: Կարենը մի փոքր արտասովոր դեպք է, սակայն նա ևս ամաչկոտ է, այլ կերպ ինչպե՞ս ես կարող եմ բացատրել այն հանգամանքը, որ մենք հանդիպում ենք արդեն երեք ամիս, իսկ նա դեռ ինձ ամուսնության առաջարկություն չի արել: Մի խոսքով ես շարժվեցի Կարենենց տուն: Ես համոզված էի, որ այսօր նա,հաստատ, չի դիմակայի իմ սքանչանքին և ամուսնության առաջարկ կանի, չէ որ հագիս էր իմ նոր կանաչ բաճկոնը: Միանշանակ՝ նա կտեսնի իմ նոր բաճկոնը, ապա կգնահատի, թե ինչպես է վերջինս սազում իմ կոշիկներին, իսկ կոշիկները ոտքերիս, որից հետո կքարանա իմ անկրկնելի գեղեցկությունից ու կհասկանա, որ նման աղջկա հնարավոր չէ բաց թողնել ձեռքից: Հետո կիջնի աջ ծնկան վրա և կտա մի փունջ սպիտակ վարդ ... ստոպ, ինչ-որ բան են չի... հմմ... հա, բա փունջը որտեղի՞ց: Օ՜, իհարկե, ինքը նախօրոք էր պատրաստվել. գնել էր մի փունջ վարդ և թաքցնում էր, անպիտանը, մեջքի ետևում...Չէ-է՜, սպիտակ վարդերը այդքան էլ ռոմանտիկ չեն... հա՛, ավելի լավ ա նա ինձ մեկնի մեկ կարմիր վարդ: Ուրեմն այսպես՝ նա ծնկաչոք կլինի, կմեկնի կարմիր վարդը վարդ ու կասի. «Անի՛, դուք իմ երազների թագուհին եք: Դիցուհի՛, ես ձեզ սիրում եմ, Ձերն է իմ ձեռքը և սիրտը... թոքերը, ստամոքսը և այլ օրգանները...»:
Չէ՛, էլի ինչ-որ բան են չեղավ: Լավ, նա ուղակի կասի. «Անի՛, դուք կհամաձյնվե՞ք դառնալ իմ կինը» ( էլ իմ ուզած ռոմանտիկը չստացվեց, բայց դե լավ, մեկա տղաները հեռու են ռոմանտիկայից: Նրանք նույնիսկ “Ալխիմիկ”-ը չեն կարդացել, էլ ուր մնացին ռոմատիկ բաները...):
Դե ես իհարկե սկզբում կձևացնեմ, թե ես դեմ եմ, դեռ շուտ է, պետք է սովորեմ և այլն, բայց հետո իհարկե կհամաձայնվեմ և մենք կամուսնանանք: Մի փոքր (հինգ հարյուր հոգու համար) հարսանիք կանենք: Ես կհագնեմ Ջենիֆեր Լոպեսի հարսանյաց զգեստից, ու բոլորը ինձ նախանձով կնայեն: Հա՛, անպայման կհրավիրեմ են հարևան կուրսի աղջիկ կոչեցյալներին, թող աչքները դուրս գա:
Նման մտքերով ես հասա Կարենենց տուն: Պետք է ասել, որ Կարենն ապրում է քաղաքի կենտրոնում՝ իր սեփական բնակարանում (Դե էլի-որ ինչի՞ չպիտի ապրի տենց մամա-պապա ունենալու դեպքում):
Մի երկու խոսք էլ ասեմ Կարենի մասին, որ լավ պատկերացնեք ի՜նչ լավնա կյանքս: Կարենը քսանվեց տարեկան է: Ունի շատ տպավորիչ արտաքին՝ բարձրահասակ է, շիկահեր ու կանաչաչյա, չնայած հագնվելու ոճը հեչ էլ էլեգանտ չի (բայց դե դա ժամանակի հարց ա, այ որ ամուսնանանք…), բայց դե գեղեցիկ ա էլի էնքան, որ ես չեմ նեղվում նրա կողքով քայլելիս: Բոլոր ընկերուհիներս, գիտեմ, խանդով են նայում մեզ ու մտքներում ամեն կերպ կրախում են ինձ, որ Կարենը իրանց հասնի: Բայց իրենք հո չգիտեն, որ ես տիկին Մարգոյի հետ եմ շատ մոտ: Յա՜, դուք չգիտեք, ո՞վ է տիկին Մարգոն: Տիկին Մարգոն՝ քաղաքի ամենաճիշտ նայող բախտագուշակն է: Մի հատ բաժակ նայելով՝ բոլոր աչքով տվողներին իմանում է, իսկ մի երկու հազար դրամ էլ, որ ավել ես տալիս չուզողների աչքը նենց է պտտեցնում, որ իրենց էլ կպնի:
Բայց ես թեմայից շեղվեցի: Կարենս մասնագիտությամբ ֆիզիկոս է: Իմացող մարդիկ (օրինակ՝ Անուշիկը) ասում են, որ նա հոյակապ մասնագետ է: Բայց ես դա դե առանց իրանց ել գիտեմ: Բա մարդը, որնց կարա լավ մասնագետ չլինել, եթե արտասահմանյան համալսարան ա ավարտել, հիմա էլ աշխատում ա ինչ-որ գաղտնի արտասահմանյան կազմակերպությունում, որը էնքան գաղտնի ա, որ ոչ-ոք չի լսել դրա մասին, իսկ գրասենյակի տեղը չբացահայտելու համար Կարենը տունն է աշխատում:
Հասնելով Կարենենց տուն՝ ես մոտ մի հինգ րոպե ապարդյուն սեղմում էի դռան զանգը, ապա բախում, հետո նորից զանգում: Սակայն բոլոր ջանքերս անցան ապարդյուն: Սկզբում մտածեցի, որ Կարենը մեռել է, հետո հասկացա, որ երևի իրա սիրելի ռոքն ա լսում: (Անկեղծ չեմ հասկանում, ո՞նց կարելի ա այդ ոռնոցները լսել և նույնիսկ հաճույք ստանալ):
Իմ վիճակը արդեն մոտ էր հուսահատության, երբ ես հիշեցի, որ նման դեպքերի համար Կարենը ինձ տվել է իր տան բանալին: Մի տասհինգ րոպե էլ ծախսեցի պայուսակումս բանալու որոնումների վրա: (Դուք չե՛ք պատկերացնում, ինչքա՜ն բան կարող է տեղավորվել կանացի պայուսակում: Մի գլուխ իրեր գտա, որոնք արդեն վաղուց կորած էի համարում): Վերջիվերջո ես մուտք գործեցի թանկագինիս բնակարանը: Առաջին պահին, երբ ոտքս ներս դրեցի, ինձ զարմացրեց տան լռությունը: Սակայն հետո, երբ, միջանցքի մթության մեջ խարխափելով ու անընդմեջ ինչ-որ իրերի բախվելով, հասա հյուրասենյակ, հասկացա, ինչու է այդքան լուռ: Սենյակի օդում սև մառախուղի նման կախված էր ծխախոտի ծուխը, և ձեռքը առաջ պարզելու դեպքում վտանգ էր առաջում այն դրանում անվերդարձ կորցնելու: Նման իրավիճակը կարող էր նշանակել միայն մեկ բան. երեկ այստեղ էին Կարենի ընկերները, այդ ախմախ ռոքեր անբանները… (Չէ՛, որ Կարենի հետ ամուսնանամ որ դրանց որտքը մեր տանից կկտրեմ):
Հատակին թափված բազմաթիվ իրերը մի կերպ շրջանցելով ու ծխից անընդհատ հազալով՝ հասա պատուհանին և բացեցի դարեր ի վեր անլվա լուսամուտը՝ վախենալով միայն մեկ բանից, որ հարևանները, տեսնելով ծխի քանակը, կմտածեն, որ բնակարանը հրդեհվել է և համապատասխան ծառայություններ կկանչեն:
Երբ ծխի քանակը սենյակում պակասեց և հանարվորություն ստեղծվեծ ինչ-որ բան տեսնել, ես տեսա գարեջրի բազմաթիվ շշեր և ծխախոտի մնացորդներ, որոնք ցրված էին ամբողջ բնակարանով մեկ, դիմացի անկյունից ինձ վրա աղերսանքով նայում էր քանդված բաս կիթարը, իսկ բազմոցի վրա մեռելի պես քնած էր Կարենը: Ճիշտը որ ասեմ, առաջին պահին ես մտածեցի, որ նա իրոք մահացել է (տղեքին շատ չկա մի հիմար բանի համար կտան իրար կսպանեն), սակայն հաջորդ պահին, երբ մտածում էի օգնություն կանչեմ, թե ուշաթափվեմ, այդ անպիտանը շրջվեց մյուս կողքի վրա և բարձր խռմփաց ՝ վկայելով իր կենդանի լինելը:
Չէ դուք չեք պատկերացնում, թե ինչպես ես բարկացա: Մոտ մի հինգ րոպե գոռում էի , թե ինչ եմ մտածում այս ամենի մասին, սակայն հետո հասկացա, որ դա նրան ընդհանրապես չի հուզում, քանզի Կարենը հանգիստ սրտով շարունակում էր ննջել: Այդ պահին աչքովս ընկավ համակարգչի մոտ չգիտեմ ինչպես կենդանի մնացած, ճլորած կակտուսը: Երկու րոպե անց կակտուսը բարեհաջող խրվեց Կարենի փափուկ մասի մեջ: Կակտուսի հաղորդած իմպուլսը ապարդյուն չանցավ և նպաստեց, որ թանկագինս բացի ձախ աչքը: Մի երկու վարկյան Կարենը փորձում էր բաց պահել աչքը և նունիսկ ֆոկուսավորել հայացքը, բայց իրեն մոտ ոչինչ չստացվեց և նա, թողնելով այդ անիմաստ փորձերը, փակեց իր աչքը և պատրաստվեց կրկին սուզվել երազների աշխարհը (Աչքիս կակտուսն էր չափից ավելի ճլորած, կամ Կարենի ջինսն էր շատ հաստ):
Թույլ չէր կարելի տալ, որ կակտուսի անձնազոհությունը անցնի ապարդյուն և Կարենը կրկին քնի: Այդ պատճառով, ես փորձեցի տիրել սիրելիիս ուշադրությանը և բղավեցի.
-Յա՜, ես ինչ ձև ա: Հերիք չի դուռ չես բացում, դեռ չես բարեհաճում աղջկան նորմալ բարևես:
Իմ գոռոցը ունեցավ իր արդյունքը, Կարենը բացեց իր արյունով լցված աջ աչքը, քթի տակ գռմաց ինչ-որ մի բան, որը նման էր. «Մայրիկ ջան սարսափների սենյակը Լունապարկում է» և ողջունելու գործընթացը, հավանաբար, ավարտված հաշվելով, նշանակալի խռմփաց: Ես չէի կարող դիմակայել նման ծանր պայմաններին և շտապեցի խոհանոց: Այնտեղ մեծագույն դժվարությամբ գտա մեկ հատ մոխրացած տարրա (մտածում եմ, որ նա ջահել ժամանակ թեյնիկ էր եղել, սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, չուզելով դավաճանել իր տիրողջը, մնացել էր վերջինիս հետ գերմանական ռումբերի տակ) այնտեղ ծորակից լցրեցի սառը ջուր և վերդարձա սենյակ:
Ջրատեռապիան արագ ազդեց: Կյանքս միանգամից վեր թռավ և տեղում նստեց, ապշած բացեց միանգամից ԵՐԿՈՒ աչքը: Երևի տեսանելիության դաշտում կայի նաՙև ես, որովհետև, հայացքը իմ վրա կանգնեցնելով, գոչեց.
- Արյա՜, Աննան… սիրելիս դու այստեղ ի՞նչ ես անում… մենկ ինչքան հիշում եմ երեկ քեզ հետ չեինք խմուն… բայց դե, որ այստեղ ես կարող իմանաս, որտեղից ա այս ջրհեղեղը (իհարկե այս ամենին զուգորդում էին մի շարք հետաքրքիր, ինձ լիովին անծանոթ բառեր, բայց որոք ես ցավոք սրտի չգրեցի և հիմա չեմ կարողանում մտաբերել):
Ես անմիջապես նեղացած դեմք սարքեցի: Վերջինիս հաշվին ստացած ապտերազմական առավելությունը ամրապնդելու համար գոչեցի.
- Վե՛րջ, մեր մինջև ամեն ինչ վերջացած է: Ես չե՛մ կարող հանդիպել մի մարդու հետ, որը ինձ չի դիմավորում սև BМW-ով, չի հրավիրում “Café de Paris” և նույնիսկ չի նկատում իմ նոր բաճկոնը:
Նա հետաքրքությամբ նայեց իմ բաճկոնին:
- Լսի, ի՞նչ հետաքրքիր օձիգ ունի քո բաճկոնը:
Ես սկսեցի հալվել: Վերջապես նա ուշքի է գալիս, սկսում է նորմալ մտածել. նկատեց իմ պեսեցին: Նա շարունակեց.
- Ինձ թվում է, որ նրա կյանքի օրոք ես նրան ճանաչել եմ: Հա՛, հաստատ: Միանշանակ մեր հարևան Մառուս տատի Մուրզիկն ա: Խեղճ, խեղճ մուրզիկ..
Նման վերաբերմունքը ես չէին կարող հանդուրժել: Կտրուկ շրջվեցի և շարժվեցի դեպի մուտք՝ նպատակ ունենալով նույն րոպեին լքել այս անհյուրընկալ բնակարանը: Սակայն, երբ հասա միջանցքին իմ կոշիկի կրունկը պատահաբար խրվեց հատակի բավականին մեծ մի ճաքի մեջ: Այդ պատահարը մեկ-երկու րոպե ինձ տեղում պահեց: Այդ ժամանակը Կարենը բարեհաջող օգտագործեց.
- Դե մի նեղացի, կոկորդիլոսի՛կս: Ախր ես ծեր , հիվանդ մարդ եմ: Երեկվանից հետո էլ առավել հիվանդ: Ուղեղս ճաքում է: Այ, որ ինձ սառնարանից մի շիշ պիվա բերես, հետո ես լոգանք ընդունեմ, ես լիովին կարգի կգամ և պատրաստ կլինեմ հիանալ քո երկնային գեղեցկությամբ ցանկությանդ դեպքում ամբողջ օրը:
Ես մի երկու րոպե էլ ձև արեցի, թե ինձ նրա ասածները չեն հետաքրքրում, և ես ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում ազատել չարաբաստիկ կոշիկս, սակայն երբ Կարենը խոստացավ, որ մենք անպայման “Squer One” կգնանք, ես փոշմանեցի, վերադարձա և նույնիսկ այցելեցի խոհանոց գարեջուր բերելու նպատակով:
Խոհանոցից հյուրասենյակ գնալու ժամանակ ես պատահաբար դիպա սենյակի մեջտեղում դրված սեղանին և, իհարկե, նրանից անմիջապես ինչ-որ բան ընկավ: Ես կռացա ընկածը բարձրացնելու համար: Վայր ընկածը տարօրինակ մի մետաղե գունդ էր, որը ամրացված էր երկու ձողերի վրա և որը անընդմեջ շարժվում էր: Ես այդ տարօրինակ սարքը բերեցի մոտիկ աչքերիս պարզելու համար, թե ճանապարհորդությունը ներքև արդյո՞ք չի վնասել այն (Կարենի սենյակում կան մի գլուխ նման տարօրինակ բաներ, որոնք նա անվանում է «էքսպերիմենտ» և որոնց հետ պահանջում է վերաբերվել շատ զգույշ): Գնդի զննության ժամանակ նրա վրա նկատեցի մի փոքր շուշապատ պատուհան: Ես շատ հետաքրքրասեր եմ, ուստի շտապեցի նայել այդ պատուհանից ներս: Իմ զարմացած աչքերի դիմաց բացվեց հետևյալ պատկերը:
Գնդի ներսում կար մի փոքրիկ սեյնակ: Սենյակում նստած էին երեք տարեց կին, որոնք, իրար հետ անընդհատ զրուցելով, անըդնմեջ գործում էին: Միացված հեռուստացույցը, աշխատում էր նաև ռադիոն: Սենյակի այնկյունում դրված էր համակարգիչը, չեմ զարմանա, եթե այն միացված էր ինտերնետին: Այդ ձայների խառնաշոփից մեկ-մեկ լսվում էին կանանց ձայները. _________________ Правила Форума |
|
| Back to top |
|
 |
Morannon ЗаконниK

Joined: 14 Nov 2008 Posts: 155
|
Posted: Tue Dec 16, 2008 8:36 pm Post subject: |
|
|
-Վա՜յ, Մարգուշ, տեսա՞ր. ես ամերիկացիները նեգրի ընտրեցին…
- Հա, Հայարփի ջան, ինչ էլ ուռոդի մեկն ա...
- Դե Ագապի քենի ի՞նչ ես ուզում, ամերիկացի են էլի...
- Լսի, սաղ հեճ, ասում են տուն մնացած Աննաենց տուն ուզողներ էին եկել:
- Վա՜յ, աղջի՛, քոռանան ավելորդ աչքերս, բա էդ դախին ո՞վ կուզի:
Ես տարակուսած շրջվեցի դեպի Կարենը.
- Կար, ես ի՞նչ ա:
Կարենը բացեց արդեն փակված աչքերը: Նրա դեմքը սկզբում արտահայտեց տարակուսանք, ապա լուսավորվեց.
- Էդ, էդ, դե ոնց էր եդ... հա հիշեցի էդ Perpetum Mobile-ն է:
- Ի՞ՆՉ…
- Perpetum Mobile – տառ առ տառ արտասանեց սիրելիս.- հավերժական շարժիչ…
- Հա՞,- ես ձևացրեցի, որ ամեն ինչ հասկացա,- լսի, իսկ իրա մեջ էս ի՞նչ կանայք են..
- Կանա՞յք, -ինձանից ոչ պակաս զարմացավ թանկագինս:
- Այո՛, միանշանակ: Եթե գնդի ներսը նայես կտեսներ նրանց: Երեքն են՝ Մարգուշը, Ագապին և Հայարփին…
- Հմմմ… տարօրինակ է, ես չէի կարծում, որ տեղեկատվության գեներատորը նման տեսք կընդունի… շատ հետաքրքիր է… չնայած....
Ես այլևս չէի փորձում խելոք երևալ.
- Ի՞նչ,- բղավեցի ես:
- Դե գիտես, թանկագինս… ես մի շաբաթա տղեքի հետ խմու… էքսպերիմենտներ էինք անցկացնում: Մտածում էինք պերպետում մոբիլեի, այն է հավերժական շարժիչի, խնդրի վրա: Եթե գիտես, ֆիզիկայում դա հաշվում է անլուծելի խնդիր, քանի-որ գոյություն ունի էներգիայի պահպանման օրենք,- նա շատ լուրջ էր և այնպես էր խոսում կարծես ուսանողների բազմության առջև էր ելույթ ունենում. այդպիսին ես նրան առաջին անգամ էի տեսնում,- ...այսինք, եթե մի տեղ մի բան ավելանում է, ուրեմն մի այլ տեղ պակասում է: Խնդիրը թվում էր անլուծելի, բայց երրորդ օրը տղեքից մեկը շատ հետաքրքիր բան ասեց… նա պնդում էր , որ բոլոր բաները չէ, որ մի տեղ ավելանալուց, մյուս տեղում պակասում են: Նա ասեց, որ բացառություն է օրինակ ինֆորմացիան: Եթե տեղեկատվությունը, ինչ-որ մեկին փոխանցում ես, դա դեռ չի նշանակում, որ քո մոտ այն պակասում է: Բայց դե մյուս կողմից ստացողի մոտ ևս ինֆորմացիա է հայտնվում, ուստի կարելի է ասել, որ տեղեկատվությունը չի ենթարկվում էներգիայի պահպանման օրենքին: Դե մենք էլ ասինք ինչի՞ չփորձենք… նստեցինք, քցինք-բռնինք…
Այդ պահին ես հասկացա, որ եթե իմ թանկագինը մի բառ էլ ասի, ապա ես հաստատ իրա գլխին կջարդեմ ոչ միայն չարաբաստիկ պերպետումոբիլեն, այլև մոտակա աթոռը…
Գիտե»ք, Կարենը մի շատ օգտակար հատկություն ունի. նա զգում է, երբ իր ուղությամբ ուր որ է ծանր բաներ կթռնեն և մի վարկյան առաջ հասցնում է լռել: Ես այդ պահը օգտագործեցի գարեջրի շիշը նրան մատուցելու համար:
Այդ օրվանից հետո ես այլևս Կարենի տանը չեմ տեսել հավերժական շարժիչը: Դա ինձ անչափ ուրախացնում է, չնայած, երբեմն մտքիս են գալիս գնդի միջի կանայք (տենաս Աննան վերջը ամուսնա՞վ), հիշում եմ պերպետումոբիլեն ու ինձ սկսում է թվալ, որ մեր ամբողջ աշխարհն է մի հատ մեծ Perpetum Mobile է:
Ինչ լավ է, որ երկու ամսից նշանակված է իմ ու Կարենի հարսանիքը և ես այդքան շատ ժամանակ չունեմ մտածելու նման հիմար բաների մասին: _________________ Правила Форума |
|
| Back to top |
|
 |
|
|
You cannot post new topics in this forum You cannot reply to topics in this forum You cannot edit your posts in this forum You cannot delete your posts in this forum You cannot vote in polls in this forum
|
Powered by phpBB © 2001, 2005 phpBB Group
|